Քո լույսով են ներկված երկու պատուհան,
Քո լույսով են ներկված երկու պատուհան,
Ես կանգնում եմ ամեն գիշեր նրանց դեմ,
Որ քո լուսե տեսիլքի դեմ աղոթեմ,
Բայց բառերը ծուխ են դառնում ու չկան։
Իմ կարոտը բառեր չունի մեղսական,
Քո այդ երկու պատուհանի լույսի պես,
Քո այդ երկու պատուհանի լույսն է կեզ,
Արթուն է նա, երբ ես քնած եմ անգամ։
Պատուհանից դուրս չնայես դու հանկարծ
Ու չփշրես իմ երազը լուսալիր,
Թող ես հսկեմ քունդ մինչև լուսաբաց։
Ու բարկացած չմարես լույսը, սեր իմ,
Քո այդ երկու պատուհանի լույսերն հիր
Իմ աչքերն են՝ բացված մարդուն՝ իրերին։
Իմ աչքերն են՝ բացված մարդուն՝ իրերին,
Իմ աչքերն են՝ բացված մարդուն՝ իրերին,
Քո լույսերը որպես արև գիշերվա,
Նրանց միջով եմ ես տեսնում ինձ ահա,
Նրանց ցոլքից ստվեր թվում ինքս ինձ։
Դու, մաքրություն, ներիր, մթնում եմ մեկ-մեկ,
Չեմ սրբանում մտածելիս քո մասին,
Խեթ եմ նայում թեկուզ քո մեն մի մազին
Ես՝ տաճարիդ ուխտավորս հուսաբեկ։
Եթե գահդ երկնքի մեջ չլինի,
Սուտ կդառնան աստվածները և պատրանք,
Սրբությունը դեռ բողբոջում կմեռնի։
Քո աչքերը չեն նայում իմ աչքերին,
Բայց տանջում են մեղքիս համար ինձ նրանք,
Ես ուր գնամ՝ հետս է քո լույս հայելին։
Ես ուր գնամ՝ հետս է քո լույս հայելին,
Ես ուր գնամ՝ հետս է քո լույս հայելին,
Սիրտս է բեկված քո աչքերի հայելում,
Ուրիշները կյանքի գինին վայելում,
Ես բարձում եմ նոր-նոր մեղքեր իմ սայլին։
Ես փնտրում եմ մի դուռ մեղքից դուրս գալու,
Մխիթարվում հազիվ բացված ճեղքով իսկ,
Ուրիշները արդեն հարբել են նույնիսկ,
Ես իմ փոքրիկ շողքն եմ կում-կում վայելում:
Վախենում եմ լույսի այդ ցոլքն էլ կորչի,
Ես որբ մնամ խավարի մեջ գիշերվա,
Մնամ կարոտ մի հոգեբուխ ճաճանչի։
Մագլցում եմ մտքով կատարը լեռան,
Բայց այնտեղ էլ նորից իմ մեղքն է լալիս՝
Իմ աչքերը՝ իմ արցունքները վրան։
Իմ աչքերը՝ իմ արցունքները վրան՝
Իմ աչքերը՝ իմ արցունքները վրան՝
Գալարվում է տիեզերքը ցավի մեջ,
Փշրվում են աստղաբույլերը անվերջ,
Ուր նայում եմ՝ մոխրի բուք է անսահման։
Մոխիրներից արևներ են ծնվում արդ,
Որ վերստին մոխիր դառնան անընդմեջ,
Դղրդում է տիեզերքը մահվան մեջ,
Կան և չկան, կան թե չկան՝ մեկ է այդ։
Այս վիթխարի քաոսի մեջ ես մի կետ,
Ում ինչ պետքն է՝ կորչում եմ, թե հայտնվում
Կամ երազում լինել կողքիդ, միշտ քեզ հետ։
Հոգնում եմ ես այս մոխրի մեջ անհատնում,
Քեզ եմ գալիս, սակայն ինձ չես կանչում դու,
Շշնջում ես, որ ես իզուր եմ հոգնում։
Շշնջում ես, որ ես իզուր եմ հոգնում,
Շշնջում ես, որ ես իզուր եմ հոգնում,
Հազար ձևով քո մերժումն ես կրկնում դու,
Բայց իրերի հորձանքի մեջ ահարկու
Միակ հաստատն աչքերն են քո անխոստում։
Նրանց ցոլքում մոռանում եմ ինքս ինձ
Եվ իրերի հոսքն ու մոխիրն անկայուն,
Ապրում եմ ես ինչ-որ ուրիշ ներկայում,
Ուր մահ չկա և իրերն են անթախիծ։
Քո աչքերն են միակ հաստատն աշխարհում,
Երբ նայում ես, ողջը փոխվում է իսկույն,
Էլ ինձ հավերժն անիմաստ բառ չի թվում։
Բայց պատրանք է, ինձ չես նայում սիրավառ,
Սիրտս էր ցավից այդ հրաշքը հորինում,
Երկինք տանող սանդուղք չկա ինձ համար։
Երկինք տանող սանդուղք չկա ինձ համար,
Երկինք տանող սանդուղք չկա ինձ համար,
Որ բարձրանամ, հասնեմ աստղոտ աչքերիդ,
Մեկ էլ երգի ակունքներին մաքրաշիթ,
Որ ծարավս գոնե երգով մեղմանար։
Ասում ես, որ քնար ունեմ ես փայտե,
Մեղեդու տեղ չոր թխթխկոց ես լսում,
Ճիշտ որ, սեր իմ, մուրճն է այդպես հարվածում
Ու քո ձեռքով մեխում դագաղս արդեն։
Այս իրերի հողմագալար քաոսում
Մեկ էլ պիտի երգն ինձ կայան պարգևեր,
Բայց պոետ չեմ, երբ որ դու ես այդ ասում։
Իմ թևերին խոսքդ ինչպես ծանր քար,
Ես՝ ուժասպառ, չեմ սավառնի երբեք վեր
Ու չեմ հասնի քո աչքերին փրկարար։
Ու չեմ հասնի քո աչքերին փրկարար,
Ու չեմ հասնի քո աչքերին փրկարար,
Որոնք պիտի ինձ ուղեցույց լինեին,
Ես հաղթեի կասկածներն իմ ամեհի,
Ափ դուրս գայի հաստատաքայլ, հուսավառ։
Լավ է լինել բրածեծ շուն աշխարհում,
Քան թե ծեծվել կասկածներից իր՝ ներքուստ,
Բաժին ընկավ վատթարագույնն ինձ վերուստ,
Էլ ես նույնիսկ ցնորքներ չեմ արարում։
Ու դառանցած գնում եմ ես աշխարհից,
Եվ ոչ մի երգ այս աշխարհին չթողած,
Որ մայր հողը իմ մահից ետ զգար ինձ։
Հոգիս ինչպե՞ս ցուրտ խոհերից չմրսեր,
Ո՞ւմ գանգատվեմ քեզնից բացի, իմ աստված,
Իմ մի աչքը երգ պիտ լիներ, մյուսը՝ սեր։
Իմ մի աչքը երգ պիտ լիներ, մյուսը՝ սեր,
Իմ մի աչքը երգ պիտ լիներ, մյուսը՝ սեր,
Ու նայեի ես նրանցով աշխարհին,
Ինձ աշխարհն ու կյանքը հեքիաթ թվային
Ու լինեի արքայազնը ես կրտսեր։
Ծովերի մեջ, ծովերից դեն բոցկլտար
Հրեղեն ձիս՝ տեսիլքի պես հուրհրան,
Գիրկս առած երգի բլբուլն Հազարան՝
Քեզ մոտ գայի, որ նա երգեր քեզ համար։
Ու երգեի, ե՛ս երգեի քեզ համար,
Նսեմանար իմ դեմ բլբուլն հազարան,
Ախ, ցնորքս ինչքան շատ է անհնար։
Երազում է միայն աղքատը ինձ պես,
Իմ աչքերում ոչ սեր, ոչ էլ երգեր կան,
Ես, ուրեմն, աչքեր չունեմ, կույր եմ ես։
Ես, ուրեմն, աչքեր չունեմ, կույր եմ ես,
Ես, ուրեմն, աչքեր չունեմ, կույր եմ ես,
Կարեկցում են ինձ թզուկները նույնիսկ,
Երբ նայում են կույր աչքերիս ու գույնիս,
Շշնջում են թզուկերեն՝ ի՜նչ մեղք ես։
Նրանք՝ երգի թզուկները չգիտեն,
Որ կարող եմ քո մի խոսքով տառապել,
Քո մի խոսքով դարձնել աշխարհն առասպել,
Ուր ծաղիկներն հավերժորեն կփթթեն։
Ցատկոտում են ճամփաներում աստղային,
Գոհ են այնպես, որ կարող են ցատկել դեռ,
Լվերի պես քնից հանել մուսային։
Շնորհակալ եմ քեզանից, սեր իմ, սեր,
Որ քո խոսքով ես ինձ պոետ չեմ կարծում,
Փտած ծառ եմ, չեմ տա երբեք ընձյուղներ։
Փտած ծառ եմ, չեմ տա երբեք ընձյուղներ,
Փտած ծառ եմ, չեմ տա երբեք ընձյուղներ,
Կկոտրվեմ՝ մի փոթորիկ էլ լինի,
Այսպես ջահել, դեռ չդարձած ծերունի,
Ես կփակեմ իմ աչքերը քոյասեր։
Մի տնքոց էլ պակաս լինի, ինչ կա որ,
Աշխարհը չի աղքատանա դրանից,
Մի ծերուկ էլ պակաս լինի սեղանից,
Ո՞ւմ է նրա տնքտնքոցը հարկավոր։
Գոնե հիմա կասեն՝ ջահել մեռավ նա,
Կասեն՝ այնպես խորն էր սիրում մեկին՝ քեզ,
Եվ սրտիդ մեջ գուցե մի լաց կարթնանա։
Թաց շիրիմիս մոտ կկանգնես դու տրտմագին,
Ինձ ձայն կտաս, բայց դժվար թե ձայն լսես,
Ոչինչ եմ ես, մեծ ոչինչը, մեծ փոշին։
Ոչինչ եմ ես, մեծ ոչինչը, մեծ փոշին,
Ոչինչ եմ ես, մեծ ոչինչը, մեծ փոշին,
Ինչպես մամոնտն՝ այս հողի տակ թաղված խոր,
Նրա նման սիրուս մեջ մեծ ու հզոր,
Թեև սիրտս պարզված է սուր քո փշին։
Մամոնտն ընկավ, բայց գայլերը ապրեցին,
Որովհետև նենգ են նրանք ու գայլ են
Ու մամոնտի ազնվությունը չունեն,
Որ ոչ մսով, միայն խոտով սնվեին։
Ոսկորներն են հիմա պեղում մամոնտի,
Կան, հավատա, մեր սարերում էլ նրանք,
Ոսկորներն իմ նրանց խառնեմ ես պիտի։
Գիտեմ, կասես, որ ցնորք է դա մի սին,
Ու կծաղրես, որ ես այդպես անճարակ՝
Մահվան մեջ էլ դարձյալ ձգտում եմ մեծին։
Մահվան մեջ էլ դարձյալ ձգտում եմ մեծին,
Մահվան մեջ էլ դարձյալ ձգտում եմ մեծին,
Կյանքում դու ինձ պիտի տայիր խորք ու փայլ,
Կարող էի ծովի նման ես ծփալ
Եվ մարգարտով լցնել դատարկ իմ խեցին։
Բայց քեզ էլի երախտապարտ է հոգիս,
Գեղեցկության անհունն զգալն ինձ մնաց,
Այդ էլ քիչ չէ՝ քո շողք ու փայլն ինձ մնաց,
Եվ իրերին՝ հայացքը քո՝ նայելիս։
Պահել եմ ես քո ձևերը սլացիկ,
Որ մտքիս մեջ հար ճախրում են հոգեթով,
Մաքուր-մաքուր, աստվածորեն գեղեցիկ։
Երգս դարձավ ճահճուտի ջուր փայլիդ տակ,
Բայց երգն ինչ է՝ հասկացա քո հմայքով,
Քո հմայքի արծարծումով ներդաշնակ։
Քո հմայքի արծարծումով ներդաշնակ
Քո հմայքի արծարծումով ներդաշնակ
Ես ուզեցի իմ երգերը բաբախեն,
Ու ես ասեմ՝ փուչ չէր կյանքս հողեղեն,
Լիքն էր քաղցր ողկույզներով ճոխ աշնան։
Անցա ես էլ հաղթանակի կամարով,
Փառք, փառք ոգուն արարչագործ ու բեղուն,
Հրի նման վառվում են իմ ուղեղում
Մեծ հայտնության խոհերը մեծ ու կարող։
Փոքրանում են թզունկերը ավելի,
Կասկածում են հսկաները իմ կողքին,
Թե եղել են Ապոլլոնին սիրելի։
Բայց չի պահել բախտն ինձ համար նման պահ,
Փակ է դուռդ ու փակ է սիրտդ կրկին,
Էհ, ինչ արած, մենակ կընկնեմ ես ճամփա։
Էհ, ինչ արած, մենակ կընկնեմ ես ճամփա,
Էհ, ինչ արած, մենակ կընկնեմ ես ճամփա,
Փառք ու օրհնանք ճամփաներին քարքարոտ,
Որ վառել են ծով հասնելու մի կարոտ,
Որտեղ պիտի սերս անուշ ծփծփա։
Փառք ու օրհնանք ծառի բարձր կատարին,
Արմատներին բյուրհազար փառք ու օրհնանք,
Խորն են խրվել տառապանքի մեջ նրանք,
Որ հասցնեն հյութ ու ծիծաղ ճյուղերին։
Քաղցր պտուղն ինչքան էլ շատ, դառն էլ կա,
Բաժին ընկավ ինձ դառնահամն ավելի,
Փառք ինձ, կյանքից չդառնացա ես սակայն:
Քեզ էլ, իմ սեր, փառք ու օրհնանք հավիտյան
Լույս ես եղել, փառք որ լույս ես դու էլի,
Քո լույսով են ներկված երկու պատուհան։